• Մեր մասին
    • ՍԱԼԱՐ
    • ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ Հայաստանում
    • Թիմը Շվեդիայում և Հայաստանում
  • Նորություններ
  • Մեր աշխատանքը Հայաստանում
    • ԴեաԼոԳ ծրագիր
      • Ֆիսկալ ապակենտրոնացում
      • Քաղաքականության երկխոսություն և ջատագովություն
      • Կրթության ապակենտրոնացում
  • Գրադարան
    • Տեղեկատվական գրքեր
    • Ուսումնասիրություններ և վերլուծություններ
    • Սահիկաշարեր և ուսումնական նյութեր
    • Լուսադարան
    • Տեղեկագրեր
  • Աշխատակազմ
Երբ դպրոցը և համայնքը գործում են միասին. շվեդական փորձը Հայաստանում

Երբ դպրոցը և համայնքը գործում են միասին. շվեդական փորձը Հայաստանում

articles/732920705_994042933621618_259260542082821694_n.jpg

Հունիսի վերջին շվեդ գործընկերների պատվիրակությունը մեկ շաբաթ անցկացրեց Հայաստանում՝ մայրաքաղաքից մեկնելով նաև գործընկեր համայնքներ, որպեսզի կիսվի իր փորձով մի ոլորտում, որը լավ գիտի՝ դպրոցների կառավարումը տեղական մակարդակում։

Այցը, որը տեղի ունեցավ հունիսի 29-ից հուլիսի 3-ը, կազմակերպվել էր ԴեաԼոԳ ծրագրի՝ կրթության կառավարման ապակենտրոնացման պիլոտային նախաձեռնության շրջանակում։ Նախաձեռնության նպատակն է աջակցել համայնքներին կրթության կառավարման շրջանակում նոր լիազորություններ ստանձնելու գործում՝ միաժամանակ ամրապնդելով կառավարման կարողությունները և ինստիտուցիոնալ հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են դրանք արդյունավետ իրականացնելու համար։ Պիլոտային նախաձեռնության մեջ ներառված են երեք համայնքներ և դպրոցներ՝ Ախուրյան համայնքը՝ Քեթի բնակավայրի միջնակարգ դպրոցով (Շիրակի մարզ), Վայք համայնքը՝ Մարտիրոս բնակավայրի միջնակարգ դպրոցով (Վայոց ձորի մարզ), և Տաթև համայնքը՝ Տաթև բնակավայրի միջնակարգ դպրոցով (Սյունիքի մարզ)։ Պիլոտային համայնքների ընտրության հիմնական չափանիշը համապատասխան դպրոցների՝ հետագայում կրթահամալիրների վերակազմակերպվելու հանգամանքն էր։

Այցի առանցքում շվեդական և հայաստանյան համայնքների միջև փորձի փոխանակումն էր դպրոցների կառավարման հարցերի շուրջ, ինչպես նաև շվեդական ՍԹԻՐՍԱՄ մեթոդաբանության՝ «Կառավարենք միասին» մոտեցման կիրառումը, որը հաջողությամբ ներդրվել է Շվեդիայի 31 համայնքում։ ԴեաԼոԳ ծրագրի կողմից մշակված Հասունության մոդելի հետ միասին «Կառավարենք միասին»-ը պիլոտային նախաձեռնության հիմնական գործիքներից է։ Այն օգնում է համայնքներին և դպրոցներին գտնել համագործակցության գործնական ուղիներ՝ խթանելով համատեղ որոշումների կայացումը և կրթության որակի վրա շարունակական ուշադրությունը։ Պատվիրակության կազմում էին Վեստերվիկի ներկայացուցիչները. այն շվեդական համայնքներից է, որտեղ հաջողությամբ կիրառվել է ՍԹԻՐՍԱՄ մեթոդաբանությունը, և նրանք եկել էին կիսվելու դրա կիրառման գործնական փորձով։

Շաբաթը մեկնարկեց Երևանում՝ երկու նախարարություններում կայացած հանդիպումներով։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում պատվիրակությանն ընդունեց փոխնախարար Առնակ Ավետիսյանը, ով բարձր գնահատեց հայ-շվեդական համագործակցությունը և ամփոփեց ԴեաԼոԳ ծրագրի շրջանակում կատարված աշխատանքը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում փոխնախարար Արաքսիա Սվաջյանի հետ տեղի ունեցավ բովանդակային քննարկում առաջիկա բարեփոխումների շուրջ՝ դպրոցների կառավարում, ֆինանսավորում, գործառույթների բաշխում և այն կարողությունները, որոնք անհրաժեշտ կլինեն համայնքներին նոր լիազորություններ ստանձնելիս։

Արդեն սկզբից ուրվագծվեց մի կրկնվող թեմա. ապակենտրոնացումը կարող է հաջողել միայն այն դեպքում, եթե համայնքներն իսկապես պատրաստ լինեն դրան։ Սա մարտահրավեր է, որը Շվեդիան լավ գիտի, և հենց դրան էր ուղղված այցը՝ ոչ թե տեսությամբ, այլ գործնական փորձի փոխանակմամբ։

Հաջորդ օրերին պատվիրակությունը քննարկումը տեղափոխեց դաշտ՝ հերթով այցելելով երեք պիլոտային համայնքներ։

Ախուրյան համայնքում, ԿԳՄՍ և ՏԿԵ նախարարությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ, խումբը հանդիպեց համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, աշխատակազմի, ավագանու անդամների և դպրոցների տնօրենների հետ՝ քննարկելու պիլոտային ծրագրի ընթացքը և հաջորդ քայլերը։ Պատվիրակությունը շրջայց կատարեց համայնքային մանկապարտեզում և Քեթիի նորաբաց կրթահամալիրում՝ ծանոթանալով դրա ենթակառուցվածքներին, կառավարման մոդելին և կրթական հնարավորություններին։

Վայք համայնքում համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը և իր թիմը քննարկեցին պիլոտային ծրագրի իրականացման գործնական հարցերն ու մարտահրավերները՝ դպրոցների կառավարումից մինչև համայնքի հետ համակարգումը։

Տաթև համայնքում աշխատանքային հանդիպմանը մասնակցեցին համայնքի ղեկավար Սամվել Լալայանը, տեղակալ Մարատ Գերասիմյանը, ավագանու անդամները, աշխատակազմը, դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները։ Շվեդ գործընկերները ներկայացրին դպրոցների կառավարման իրենց մոդելը՝ ինչպես ձեռքբերումները, այնպես էլ դժվարությունները։ Համայնքի ղեկավար Լալայանը բարձրացրեց այն հարցերը, որոնք ամենակարևորն են լեռնային, նոսր բնակեցված տարածաշրջանում. ինչպես է Շվեդիան լուծում դպրոցների միավորման և փակման հարցերը, ինչպես է ապահովում աշակերտների անվտանգ տեղափոխումը հեռավոր բնակավայրերից, և ինչպես է բարեփոխումների ընթացքում պահպանում աշխատատեղերը։ Պատվիրակությունն այցելեց նաև Շինուհայրի մանկապարտեզ և Տաթևի միջնակարգ դպրոց։

Վերջին օրը վերադառնալով Երևան՝ պատվիրակությունը Երևանի քաղաքապետարանում հանդիպեց փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի և կրթության ոլորտի պատասխանատուների հետ՝ քննարկելու կրթության կառավարումը մայրաքաղաքում, որից հետո տեղի ունեցավ շաբաթվա ամփոփիչ միջոցառումը։ Հանդիպումը կարևոր էր Հայաստանում դպրոցների պատվիրակված կառավարման ներկայիս պրակտիկան հասկանալու տեսանկյունից՝ մայրաքաղաքի օրինակով (միակ համայնքը, որն իրականացնում է այդ լիազորությունը)։

Շաբաթն ամփոփվեց «Կառավարենք միասին» աշխատաժողովով, որին մասնակցեց շուրջ 70 մարդ՝ ԿԳՄՍ և ՏԿԵ նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, պիլոտային համայնքների և դպրոցների ներկայացուցիչներ, կրթության ոլորտի փորձագետներ։

Բացելով միջոցառումը՝ ԴեաԼոԳ ծրագրի ավագ ծրագրի ղեկավար և թիմի ղեկավար Վարսենիկ Մնացականյանը այն նկարագրեց որպես փորձի փոխանակման և Շվեդիայի պրակտիկայից սովորելու հնարավորություն։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անունից Անուշ Լալազարյանը նշեց, որ Հայաստանը թևակոխել է ապակենտրոնացման կարևոր փուլ, որի երկարաժամկետ նպատակն է դպրոցների կառավարումն աստիճանաբար փոխանցել համայնքներին՝ երբ դրանք պատշաճ պատրաստված լինեն։

Այնուհետև շվեդ մասնակիցներն անդրադարձան բուն մեթոդին՝ ներկայացնելով, թե ինչպես է կառավարվում կրթությունը Շվեդիայում, «Կառավարենք միասին»-ի փիլիսոփայությունն ու գործնական կիրառումը, ինչպես նաև Վեստերվիկի սեփական փորձը՝ թե՛ մարտահրավերները, թե՛ լուծումները։ Առանձին նստաշրջան նվիրված էր փաստահեն, տվյալների վրա հիմնված որոշումների կայացմանը։ Աշխատաժողովը շարունակվեց ինտերակտիվ պլանավորման վարժությամբ, որը վարեց ծրագրի կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը. մասնակիցները քարտեզագրեցին դերերը կրթության կառավարման շղթայում և միասին փնտրեցին այն տեղական մակարդակում ամրապնդելու գործնական ուղիներ։

Շաբաթվա ավարտին ձևավորվեց ընդհանուր եզրակացություն. ապակենտրոնացումը Հայաստանում կարող է հաջողել, եթե ապագա կրթահամալիրների պատասխանատվությունը վստահվի համայնքներին, և եթե տեղական ինքնակառավարման մարմիններին տրվեն դրա համար անհրաժեշտ ֆինանսական, վարչական և մարդկային ռեսուրսներ։ Շվեդիայի, և հատկապես Վեստերվիկի փորձը ոչ թե պատճենելու նմուշ էր, այլ գործնական ուղենիշ առաջիկա ճանապարհի համար։ Աշխատանքը շարունակվում է. պիլոտային համայնքները և նրանց գործընկերները հաջորդ քայլերն անում են միասին։

Էլ․ փոստ armenia@salarinternational.se
Սոց․ կայքեր
Հասցե

ՀՀ, ք․ Երևան, Նալբանդյան փ․ 106/1

SALAR International, as part of the Swedish Association of Local Authorities and Regions (SALAR), works globally to strengthen democracy and good governance at the local level.

    Օգտակար հղումներ
  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
  • ՀՀ ֆինանսների նախարարություն
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
  • ՀՀ կառավարություն
  • ՀՀ Ազգային Ժողով
© SALAR International . Բոլոր իրավունքները պաշտպանված են