articles/825266990_1073839445641966_3208410418304804306_n.jpg
Ծրագրի ընթացիկ փուլի ավարտին ընդառաջ «ԴիաԼոԳ» ծրագիրը համախմբել է իր գործընկերներին՝ ամփոփելու մինչ օրս արձանագրված արդյունքները և քննարկելու հետագա անելիքները։
Իր գործունեության ընթացքում «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ»-ի «ԴիաԼոԳ» ծրագիրը ապակենտրոնացմանը մոտեցել է մի քանի փոխկապակցված ուղղություններով՝ համադրելով քաղաքականության շուրջ երկխոսությունը կրթության կառավարման և ֆինանսական ապակենտրոնացման ոլորտներում իրականացվող գործնական աշխատանքների հետ։
Բարեփոխումների շուրջ երկխոսություն
Արդյունավետ ապակենտրոնացումը պահանջում է շարունակական երկխոսություն կենտրոնական և տեղական իշխանությունների միջև։ Սակայն Հայաստանում բացակայում էր միասնական հարթակ, որտեղ կառավարման երկու մակարդակների ներկայացուցիչները կկարողանային պարբերաբար հանդիպել, քննարկել բարեփոխումների ընթացքը, փոխանակվել տեսակետներով և անդրադառնալ ընդհանուր մարտահրավերներին։
Այս բացը լրացնելու նպատակով «ԴիաԼոԳ» ծրագիրը նախաձեռնեց Համայնքային ամենամյա Ֆորումը, որը դարձավ կենտրոնական և տեղական իշխանությունների միջև երկխոսության և համագործակցության հարթակ։
Միաժամանակ ծրագիրը ռազմավարական գործընկերություն հաստատեց Հայաստանի համայնքների միության հետ և երեք փոխըմբռնման հուշագրերի միջոցով պաշտոնականացրեց համագործակցությունը պետական առանցքային կառույցների՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ ֆինանսների նախարարության հետ։
Երկխոսությունը դուրս եկավ նաև Հայաստանի սահմաններից։ Շվեդիա կազմակերպված երեք ուսումնական այցերը կենտրոնական և տեղական իշխանությունների ներկայացուցիչներին հնարավորություն տվեցին ծանոթանալու շվեդական մոտեցումներին և անմիջականորեն փորձի փոխանակում իրականացնելու իրենց շվեդ գործընկերների հետ։
«ԴիաԼոԳ» ծրագրի աշխատանքի կարևոր ուղղություններից էր նաև ապակենտրոնացման բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվությունն առավել հասկանալի և հասանելի դարձնելը։ Այդ նպատակով ստեղծվեց Ապակենտրոնացման պորտալը՝ որպես տեղեկատվական միասնական հարթակ, որտեղ մեկտեղված են բարեփոխումներին առնչվող նյութերն ու տեղեկությունները՝ ինչպես լայն հանրության, այնպես էլ ինստիտուցիոնալ գործընկերների համար։
Այսօր պորտալի այցելությունների եռամսյակային միջին ցուցանիշը գերազանցում է 42 հազարը։
Ապակենտրոնացման մոտեցումների փորձարկումը դպրոցներում և համայնքներում
Կրթությունը դարձավ այն ոլորտներից մեկը, որտեղ «Դիալոգ» ծրագիրն աջակցեց տեղական մակարդակում ապակենտրոնացման գործնական կիրառմանը։
Ծրագրի աշխատանքները մեկնարկեցին դպրոցների և համայնքների միջև համագործակցության ամրապնդմամբ՝ ընդգրկելով 10 համայնք և 37 դպրոց։ Այս փորձը նպաստեց դպրոց–համայնք համագործակցության հասունության մոդելի մշակմանը։ Միաժամանակ իրականացվեց կրթության ոլորտի գործառութային ուսումնասիրություն՝ գնահատելու համակարգի ներսում լիազորությունների և պատասխանատվությունների բաշխումը։
Հիմնվելով այս աշխատանքների արդյունքների վրա՝ «Դիալոգ» ծրագիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ մեկնարկեց կրթության ապակենտրոնացման փորձնական ծրագիր՝ երեք համայնքների և երեք դպրոցների մասնակցությամբ։
Այս ուղղությամբ ևս կարևոր դեր ունեցավ միջազգային փորձի փոխանակումը։ Հայ գործընկերները հնարավորություն ստացան շվեդ գործընկերների հետ քննարկելու դպրոցների ապակենտրոնացված կառավարման փորձը՝ Հայաստանի բարեփոխումների շուրջ քննարկումները կապելով ապակենտրոնացված կառավարման այլ համակարգում կիրառվող մոտեցումների և քաղված դասերի հետ։
Աջակցություն ֆիսկալ ապակենտրոնացմանը
Ֆիսկալ ապակենտրոնացումը «ԴիաԼոԳ» ծրագրի աշխատանքի մեկ այլ կարևոր ուղղություն էր։
Ծրագրի շրջանակում մշակվեց Ֆիսկալ ապակենտրոնացման բարեփոխումների ճանապարհային քարտեզը և կազմակերպվեցին տարածաշրջանային աշխատաժողովներ, որոնք հնարավորություն ընձեռեցին քննարկելու բարեփոխումները և դրանց մշակման գործընթացում հաշվի առնելու տեղական մակարդակից ներկայացվող տեսակետներն ու առաջարկությունները։
Այս աշխատանքներին զուգահեռ իրականացվեցին վերլուծություններ՝ հետագա բարեփոխումների համար անհրաժեշտ փաստահեն հիմքն ամրապնդելու նպատակով։
Մասնավորապես, իրականացվեց հարկային քաղաքականության համապարփակ ուսումնասիրություն, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության համար պատրաստվեցին ֆինանսական ապակենտրոնացման ամրապնդման և համայնքների ֆինանսավորման վերաբերյալ քաղաքականության վերլուծական փաստաթուղթ և համառոտագիր։
Քաղաքականության շուրջ երկխոսության, կրթության և ֆինանսական ապակենտրոնացման ուղղություններով իրականացված աշխատանքները միասին արտացոլում են բարեփոխումների փոխկապակցված բնույթը։ Տեղական ինքնակառավարման ամրապնդումը պահանջում է ոչ միայն լիազորությունների և պատասխանատվությունների հստակ բաշխում, այլև արդյունավետ համագործակցություն, ինստիտուցիոնալ կարողություններ և այդ լիազորություններն իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ։
Հայացք դեպի ապագա
«ԴիաԼոԳ» ծրագրի ընթացիկ փուլի ավարտին արձանագրված արդյունքները ևս մեկ անգամ ընդգծում են Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին շարունակական աջակցություն ցուցաբերելու կարևորությունը։
Ծրագրի գործընկերները կարևորել են ձևավորված համագործակցության պահպանումը և վերջին տարիներին ձեռք բերված փորձի ու մշակված մեխանիզմների հետագա զարգացումը։
Այս մոտեցումն արտացոլվել է նաև ինստիտուցիոնալ մակարդակում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Հայաստանում Շվեդիայի դեսպան Եվա Սունդքվիստի վերջերս կայացած հանդիպման ընթացքում։
Նախարարը կարևորել է «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ»-ի հետ ֆինանսական ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման ոլորտներում հաջողված համագործակցության շարունակությունը՝ տեղական կառավարման արդյունավետության հետագա բարձրացման նպատակով։
Ծրագրի ընթացիկ փուլի ավարտին «ԴիաԼոԳ» ծրագրի շրջանակում ձևավորված գործընկերային հարաբերությունները, կուտակված փորձն ու մշակված մեխանիզմները ամուր հիմք են ստեղծում հետագա համագործակցության համար՝ ի աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների։